«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» հայտարարած մրցույթին մեծաքանակ հայտեր են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News   

հիմնադրամ

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամն» ամփոփել է պատմագիտական հետազոտությունների իրականացման հայտերի ընդունման փուլը։ Ընդհանուր հաշվով ստացվել է 54 հայտ։ Պատմագիտական հետազոտություն իրականացնելու ցանկություն է հայտնել 17 գիտական թիմ 6 երկրից։ Հիմնադրամի հայտարարած մրցույթին դիմել են ինչպես անվանի գիտնականներ, այնպես էլ երիտասարդ մասնագետներ։

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» «Մինասյան» կենտրոնը 2019 թվականի նոյեմբերին հայտարարել էր պատմագիտական հետազոտությունների իրականացման հայտերի ընտրության մրցույթ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն էր 2020 թվականի փետրվարի 15-ը։ Մրցույթի նպատակն է ֆինանսավորել հետազոտություններ, որոնք կվերաիմաստավորեն 20-րդ դարի հայոց պատմությունը։

Նախատեսվում է ընտրել 3-5 հետազոտական աշխատանք, որոնց կտրվի 5-10 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Մրցութային հանձնաժողովը հաղթողների անունները կհրապարակի 2020 թվականի մարտի 2-ին։

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» ստեղծվել է 2019 թվականի փետրվարին՝ ի հիշատակ անվանի գիտնական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի: Հիմնադրամի նպատակն է Հայաստանում, Արցախում և սփյուռքում արվեստի, մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու մշակույթի բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը: