Իրանում խորհրդարանական ընտրություններ են․ ընտրապայքարում 6 հայ թեկնածու կա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News   

Իրան

Փետրվարի 21-ի առավոտյան, Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։

Ամբողջ երկրի տարածքում ընտրատեղամասեր են բացվել ամբողջ։

Ընտրություններն անցկացվում են Իրանի համար ծանր՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումների ժամանակահատվածում և կորոշեն, թե ովքեր են ղեկավարելու խորհրդարանը. ռեֆորմիստնե՞րը, որոնք համարվում են նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցները և ներկայում մեծամասնություն են կազմում խորհրդարանում, թե՞ պահպանողականները, որոնք կառավարության քաղաքականության հակառակորդներն են: Ըստ փորձագետների` ավելի մեծ շանսեր ունեն պահպանողականները։

290 պատգամավորական տեղի համար կպայքարի ավելի քան 7000 թեկնածու, որոնց թեկնածությունները հաստատել է Սահմանադրության հսկողության խորհուրդը:

Սկզբնական փուլում թեկնածություն էր առաջադրել ավելի քան 15 000 անձ, որոնց մի մասը հանել է իր թեկնածությունը, մի մասի թեկնածությունն էլ չի հաստատել Սահմանադրության հսկողության խորհուրդը, արդյունքում թեկնածուների թիվը կրճատվել է ավելի քան կեսով:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ խորհրդարանում հայտնվելու մրցակցությունը բավական մեծ է, մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր տեղի համար պայքարում է 50 թեկնածու: Քաղաքական ուժերից բացի, պայքարում են նաև անհատ գործիչներ:

Հայ համայնքին խորհրդարանում հատկացված է երկու տեղ: Կարեն Խանլարյանը նշեց, որ մեկ տեղը հարավային, մյուսը՝ հյուսիսային իրանահայության համար է:

Հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում է 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սևան Սոհրային: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում են Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը։