Արցախում կազմակերպված ակցիան մասսայական չէր․ բոլորը գիտեն՝ նախագահը հեռանում է․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

դավիթ

Փետրվարի 20-ին Արցախում մի խումբ քաղաքացիներ մեքենայով շրջել են Ստեփանակերտի փողոցներում և վանկարկելով պահանջել նախագահ Բակո Սահակյանի և ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը: 

«Սա մասսայական ակցիա չէր, կազմակերպիչները մոտ երկու հոգի են եղել, խնդիր է եղել ոստիկանության հետ, բայց բերման ենթարկվելուց հետո ազատ են արձակվել։ Թե ինչո՞ւ են այսպիսի ակցիա կազմակերպել, չգիտեմ, միևնույն է, բոլորը գիտեն, որ գործող նախագահը հեռանում է», - 24News-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

Բաբայանը նաև կարծիք հայտնեց, որ ամեն ինչ պետք է արվի քաղաքակիրթ ձևով, քաղաքական պայքարի և ընտրությունների միջոցով։ 

«Մարդիկ պետք է ձայնը տան ավելի պատրաստ մեկին, որպեսզի երկիրը շահի», - նշեց խոսնակը։ 

24News-ը կապ հաստատեց նաև Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Գառնիկ Ալեքսանյանի հետ․ «Դեպքը երեկ է տեղի ունեցել, ոստիկանությունը բերման է ենթարկել անձանց, նույն օրն էլ ազատ է արձակել»։ 

Գառնիկ Ալեքսանյանը նշեց, որ բերման ենթարկելու հիմքերի և այլ մանրամասների վերաբերյալ ավելի ուշ կտեղեկացնեն։

Սոնա Գրիգորյան