Ոչ մի քաղաքական մոտիվացիա չկա 2 ամսից հեռացող նախագահի հրաժարականը պահանջելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ղազինյան

«Ստեփանակերտում տեղի է ունեցել խիստ տարօրինակ և զավեշտալի միջադեպ. մի խումբ անձիք բողոքի երթ են անցկացրել Ստեփանակերտում»։ «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախում ակտիվիստների կողմից Բակո Սահակյանի հրաժարականի պահանջի կոչերին։

«Այն որ ակցիան կրում էր ուղղորդված և սադրիչ բնույթ, կարծում եմ, կասկած չկա, քանի որ ոչ մի քաղաքական մոտիվացիա չկա 2 ամսից հեռացող նախագահի հրաժարականը պահանջելու համար, իսկ ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը պահանջելու ոչ քաղաքական, ոչ իրավական, առավել ևս, բարոյական պատճառ չկա»։

Ղազինյանը Արցախի իրավապահ մարմիններին հորդորում է միջադեպը դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում՝ ստուգելով և պարզելով սադրանքի մասնակիցների և նրանց հետևում կանգնած սուբյեկտների կապերը, շփումները՝ հատկապես հակահետախուզական իրավասության շրջանակներում։

«Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այս սադրանքն ուղղակի կապ ունի մարտի 31-ին Արցախի նախագահական ընտրությունների և ապրիլի 5-ին՝ Հայաստանում նշանակված հանրաքվեի հետ»։