Շատ նորմալ ներխուժել են, խուզարկել են բնակարանը․ Արաբկիրի նախկին թաղապետը՝ ՔԿ գնալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը հրավիրվել է Երևանի քննչական վարչություն: Շենք մտնելիս՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, նա հայտնել է, որ նախօրեին դատարանի որոշմամբ իր տանը խուզարկություն է եղել։

«Շատ նորմալ ներխուժել են բնակարան, հանգիստ անցել է ամեն ինչ, խուզարկել են բնակարանը: Անկեղծ ասած, պարզ չէր, թե ինչ էր իրենց հետաքրքրում, այլապես ինքս գուցե փորձեի օգտակար լինել, համագործակցել խուզարկության մասով: Արձանագրեցին, որ ոչինչ չեն հայտնաբերել, նույնիսկ կոնֆետ հյուրասիրեցին»,-ասել է Շահինյանը և տեղի ունեցածը բնորոշել որպես «քյոռոնավիրուս»։

«Քյոռոնավիրուսականները 1990-ականներին թալանեցին ամբողջ աղետի գոտին՝ մոտ 30 մլրդ դոլար, խլեցին մեր ծնողներից խնայբանկերում եղած գումարները, էներգետիկ ճգնաժամ ստեղծվեց, և մի քանի տասնյակ հայտնի սպանություններ եղան՝ Գեղազնիկ Միքայելյանի, Վիտյա Այվազյանի, Ղանդիլյանը, Յուզբաշյանի, Համբարձումյանի, չթվարկենք բոլորը:

1990-ականներից «քյոռոնավիրուսականները» հարձակվեցին լուսահոգի հորս վրա, որը ղեկավարում էր Երևանի Արաբկիրի թիվ 5 շուկան: Կոլեկտիվն ուզում էր դառնալ շուկայի սեփականատերը: Քյոռոնավիրուսականներից Գամազյան, Բագոյան ազգանուններով նախարարները՝ գլխավոր քյոռի ընկերները, ինձ ճանապարհեցին բանտ, քանի որ շաբաթը մեկ գեներալ գուբերնատոր մարզպետ ունեինք, այն ժամանակ ՆԳՆ Արաբկիրի բաժնի պետն էր, իրեն հանձնարարել էին, շաբաթը մեկ հայրս անցկացնում էր Արաբկիրի ՆԳ բաժնում: Այդ ընթացքում նա ատարավ 2 ինֆարկտ»,-ասել է Հովհաննես Շահինյանը, ապա տեղեկացրել, որ իրեն այդ ժամանակ բանտ են տարել։

«Երևանի կրթության վարչության տեսչության պատասխանատուն էի, Արաբկիր համայնքի ավագանու անդամ, նաև ջրացատկի ֆեդերացիայի նախագահը, զուգահեռ դասավանդում էի թիվ 21 դպրոցում: Ինչ-որ ատրճանակ գտան, դրեցին:

Դե հիմա նորից եկել են իշխանության և ինչ-որ գործ է քննվում, մեր թվարկության 2006-2007 թվականների: Դեկտեմբերին ինձ հրավիրել են ԱԱԾ վարչություն, բացատրություն տալու, ես հրաժարվել եմ: Գիտեի, որ պետք է կանչեն, նաև հասկանում էի, որ այն հոդվածը, որ դրել են պարունակում է մինչև 15 տարի, իսկ գործը 13 տարվա վաղեմություն ունի: Հոդվածը՝ կաշառքի օժանդակություն: Եթե երկու տարի պառկեի Անթալիայի ավազների վրա, գործի վաղեմության ժամկետը կանցներ, բայց ես հակված չեմ դրան, մասնակցելու եմ քննչական գործողություններին, և եթե կլինի հանցանք, գողը պետք է նստի բանտ»,-ասել է Հովհաննես Շահինյանը, ապա հորդորել, որ գործը չկապեն Ռոբերտ Քոչարյանի հետ։ 

«Քոչարյանի դատական պրոցեսներին մասնակցում եմ կամավոր, քանի որ նա այն պետական գործիչն է, որի ղեկավարմամբ ազատագրել ենք Արցախը: Ինքն ինձ համար հերոս, է այսօր իմ հերոսը գտնվում է բանտում: Սա խայտառակություն է հայ ժողովրդի համար»,-ասել է Հովհաննես Շահինյանը, ապա նաև տեղեկացրել, որ 1992-ին անձամբ 10 տոննա ռազմամթերք նվիրել է Վազգեն Սարգսյանին․ «Դրա դիմաց միայն խնդրեցի, որ ինձ էլ վերցնեն մահապարտների գունդ: Ինձ երկու հարց տվեց Սպարապետը ու մերժեց, ասաց՝ սա շատ ավելի կարևոր է: Այն ժամանակ մենք ՊՆ-ի պահեստում ունեցել ենք 23 հազար փամփուշտ»:

Տեսանյութեր

Live

Լրահոս