Չկա որևէ փաստաթուղթ, թե Իդլիբում գտնվող 1 մլն փախստական շարժվում է սահման․ ռուս պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

սիրիայիճգնաժամ

Սիրիայում Ռուսաստանի «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի» ներկայացուցիչ, փոխծովակալ Օլեգ Ժուրավլյովը հայտարարել է, որ անհիմն են այն պնդումները, թե Սիրիայի Իդլիբ նահանգից փախստականներ են գաղթել Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber կայքը։ 

Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հարյուր հազարավոր փախստականներ այս պահին շարժվում են դեպի թուրք-սիրիական սահման: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Սակայն ռուս պաշտոնյան հերքել է նաև Էրդողանի հայտարարությունը:  

«Իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, որ Իդլիբի արևելքում տեղի ունեցող բախումների հետևանքով 100 հազարավոր փախստական ցանկանում է շարժվել դեպի սիրիա-թուրքական սահման: Չկա որևէ փաստաթուղթ, տեսանյութ, կամ էլ լուսանկար, որը կապացուցի այն հայտարարությունները, թե Իդլիբում գտնվող շուրջ 1 մլն փախստական շարժվում է սահման»,-ասել է Ժուրավլյովը:

Նա թուրքական կողմին կոչ է արել ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու Իդլիբի արևելյան և հարավային շրջանների բնակիչների անվտանգ տեղաշարժը դեպի Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ: