ԱՄՆ դեսպանատունը ֆինանսավորում է նոր Ամերիկյան գրադարանը և Տավուշի մարզը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News   

.

Այսօր ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և «Փրոջեքթ Հարմոնի ինթերնեյշընլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանի հետ միասին, ներկա գտնվեց Ամերիկյան գրադարանի և դասընթացների կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը։  Իջևանում տեղակայված այս կենտրոնը գիտելիքների հարստացման մի նոր օջախ է, որը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տարածքում։

Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Տավուշի մարզում  «Փրոջեքթ Հարմոնի ինթերնեյշընլ» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի ամենամեծ բաղադրիչն է։ Կազմակերպության կողմից Տավուշում իրականացվող ծրագրով ամերիկյան աջակցության միջոցով կազմակերպվում են անգլերենի և այլ դասընթացներ պատանիների և երիտասարդների համար, իրականացվում են կարողությունների զարգացման տարբեր  նախաձեռնություններ և ապահովվում են ռեսուրսներ, որոնք կօգնեն ավելի հստակ պատկերացում կազմել ամերիկյան հասարակության մասին։

Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը տեղի համայնքի համար կկազմակերպի ուսումնական տարբեր ծրագրեր՝ միտված այնպիսի կարողությունների զարգացմանը, որոնք կարևոր են ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական ակտիվության տեսանկյունից։ Դասընթացների հիմնական ուղղություննեը կներառեն․  անգլերենի ուսուցում, մեդիագրագիտություն, նախագծերի մշակում և իրականացում, առաջնորդական հմտություններ, հաղորդակցության հմտություններ և այլն։

Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և ունի ամերիկյան գրքերի և այլ նյութերի հարուստ հավաքածու։ Այստեղ կկազմակերպվեն նաև կինոդիտումներ, գրական ակումբներ և տարբեր թեմաներով դասախոսություններ՝ հրավիրված մասնագետների ներգրավմամբ։

Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը գտնվում է Երևանի պետական համալասրանի Իջևանի մասնաճյուղում․ հասցեն՝ Ուսանողական փող․ 3, ք․ Իջևան,  Տավուշի մարզ, հեռ՝ (+374 98) 56 51 21; 51 58 28, էլ․ փոստ՝ [email protected]։