Իսպանիայի դեսպանատունը Մոսկվայից կտեղափոխվի Երևա՞ն. «Փաստ»

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

/

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները մտադիր են վերանայել ՀՀ դիվանագիտական քաղաքականության հետ կապված որոշ հարցեր, եւ առաջիկայում հնարավոր է դիվանագիտական նոր հարաբերությունների հաստատման գործընթաց սկսվի։

Իսկ մինչ այդ ԱԳՆ-ն լծված է ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների դեսպանատների հարցի կարգավորման որոշ ընթացակարգեր հստակեցնելու գործին: Ըստ այդմ, քննարկվում է ՀՀ-ում հավատարմագրված որոշ երկրների դեսպանների՝ հիմնականում Մոսկվայում գտնվող նստավայրերը տեղափոխել Երևան։

Մեր աղբյուրները նշում են, որ մասնավորաբար չի բացառվում առաջիկայում ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության դեսպանատան՝ Մոսկվայից Երևան տեղափոխումը, այսինքն՝ փաստացի ԻԹ դեսպանատան բացումը Հայաստանում։

Ի դեպ, Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում էր ունեցել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Սրանչա Գոնսալես Լայայի հետ։

Այս տեղեկությունը ճշտելու համար «Փաստը» դիմեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալ յանին: «Արդյո՞ք Իսպանիան իր դեսպանությունը կբերի Հայաստան, թե ոչ, ձեզ կարող է ասել իսպանական կողմը, այդ հարցադրումը պետք է Իսպանիայի արտգործնախարարությանը հղեք։ Ես չեմ կարող ասել՝ իրենք այդ հարցը քննարկում են, թե ոչ։ Այս պահի դրությամբ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- ասաց Նաղդալյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: