ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Ոչ թե Ոստիկանությունը դառնում է Ներքին գործերի նախարարություն, այլ ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կներառվի նաև Ոստիկանությունը։ «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկմանն այս մասին ասել է«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:
Ըստ Իոաննիսյանի՝ Եվրամիության 28 անդամ երկրից 27-ն ունեն ՆԳՆ, Շվեդիայի ոստիկանությունն էլ արդարադատության նախարարության կազմում է: Ժողովրդավարական երկրներում, վերջինիս դիտարկմամբ, ոստիկանությունը քաղաքացիական վերահսկողության ներքո է․
«Կարևոր է, որ Հայաստանում ևս այդ փոփոխությունն արվում է: Սա զինված ուժերի մոդելին է նման: Այս մոդելում կլինի ոստիկանապետ, կլինի ոստիկանության հրամանատարը։ Ոստիկանությունը կմնա ուղղահայաց համակարգ և կլինի նաև ներքին գործերի նախարար: Ոստիկանապետը նշանակվելու է վարչապետի կողմից, ոչ թե նախարարի, բայց գոնե այս պահին նախատեսվող մոդելով նախարարի առաջարկությամբ: Սա այն է, ինչ քաղաքացիական հասարակությունը պահանջում էր վաղուց»։
Իոաննիսյանի պնդմամբ՝ այս մոդելը հնարավորություն կտա, որ Ոստիկանությունը լինի խորհրդարանի հսկողության ներքո, ինչի շնորհիվ ոստիկանությունում կհամատեղվեն քաղաքականության մշակման և իրականացման քաղաքացիական ֆունկցիաները ավելի զինվորական ֆունկցիաների հետ: