Քոբի Բրայանթի ուղղաթիռի օդաչու Արա Զոբայանը նկատողություն էր ստացել խախտման համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Աշխարհ

Հարավային Կալիֆորնիայի սարալանջում վթարի ենթարկված ուղղաթիռի օդաչուն՝ Արա Զոբայանը, 5 տարի առաջ նկատողություն էր ստացել` առանց թույլտվության օդային տարածքում ցածր տեսանելիության պայմաններում թռնելու համար։ Նշենք, որ նույն օդաչուի ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել էր լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը և 8 ուղևոր։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը` համաձայն Ավիացիայի դաշնային վարչության զեկույցի:

Արա Զոբայանը զգուշացվել էր Ավիացիայի դաշնային վարչության կողմից՝ ուղղաթիռը վարելիս կանոնները խախտելու համար, երբ 2015 թվականի մայիսի 11-ին հատել էր Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի հարևանությամբ ակտիվ օդային տարածքը: Զեկույցում չի նշվում, արդյոք Զոբայանի հետ այլ ուղևորներ եղե՞լ են, թե՞ ոչ։ 

2020 թվականի հունվարի 26-ին, Արա Չոբայանի ուղղաթիռը վթարի ենթարկվեց Կալիֆորնիայի Կալաբասաս քաղաքում։ Վթարի հետևանքով զոհվեցին Արա Չոբայանը, լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը, և ևս 8 մարդ, այդ թվում Բրայանթի 13-ամյա դուստրը։ Նրանք մեկնում էին Մամբա Բրայանթի Ակադեմիայում նախատեսված բասկետբոլի խաղին մասնակցելու համար:

Համաձայն Ավիացիայի դաշնային վարչության տվյալների՝ Զոբայանի ուղղաթիռը Կալիֆոռնիայի Հոթորն օդանավակայանի մոտակայքում էր և ուղևորվում էր դեպի հյուսիս։ Օդաչուին տեղեկացվել էր, որ եղանակը չի համապատասխանում տեսողական թռիչքների կանոնների նվազագույն պայմաններին (VFR): Զոբայանը թույլտվություն է խնդրել օպտիմալից պակաս տեսանելիության պայմաններում թռնելու համար, սակայն նրան մերժել են, իսկ այդ խոսակցության ընթացքում ուղղաթիռն արդեն հատել էր նշված օդային տարածքը։ Զոբայանը կապ էր հաստատել համապատասխան մարմինների հետ, ինչպես նաև` իր ընկերության հետ և զեկուցել կատարվածի մասին, սակայն Ավիացիայի դաշնային վարչությունը նրան մեղադրել էր, որ չի կարողացել պատշաճ կերպով պլանավորել և վերանայել ընթացիկ եղանակը, ինչը թույլ կտար ավելի շուտ զեկուցել թռիչքի մասին և թույլտվություն ստանալ:

Ըստ Զեկույցի՝ Զոբայանն ընդունել էր իր մեղքը և պատասխանատվություն էր վերցրել բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու և իր սխալը շտկելու համար: 
«Չկան որևէ ապացույցներ, որ Զոբայանի մասնակցությամբ այդպիսի միջադեպեր են կրկնվել։ Նա համապատասխան խորհրդատվություններ էր անցել ու համագործակցում էր վարչության հետ», - ասվում է զեկույցում։