Արցախցիների վարկերը վերակառուցվելու, տույժ-տուգանքները ներվելու են․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News     

Արայիկ Հարությունյան

«Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքում հանդիպմանս ժամանակ հայտարարել եմ, որ, մեր հաջողության դեպքում, պատրաստ ենք կայացնելու հերթական կարևոր որոշումը՝ այն է սոցիալական լարվածությունը թուլացնելու նպատակով հիմնադրամներում ու բանկերում մեր քաղաքացիների ունեցած ժամկետանց բոլոր վարկերի վերակառուցումն ու տույժ-տուգանքների ներումը: Նման համալիր մի որոշում կայացրել էինք դեռևս 2016թ.-ին՝ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ բազմաթիվ մեր քաղաքացիների և, հատկապես, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հնարավորություն է ընձեռնվել անցնցում շարունակելու տնտեսական գործունեությունը:

Մյուս կողմից ցանկանում եմ շեշտել, որ մեր այս քայլը որևէ կերպ չի ստվերելու բարեխիղճ վարկառուների պատասխանատու վարքագիծը, քանի որ թե՛ բանկերից, թե՛ հիմնադրամներից հետագայում նրանց օգտվելու հնարավորությունները շուշափելիորեն մեծ են լինելու:

Բարեկեցիկ երկիր - բարեխիղճ քաղաքացի սկզբունքն ապրելակերպ դարձնելը մեր հիմնական առաքելությունը պիտի դառնա»։