Մարդիկ ոստիկանության փոխարեն նախընտրում են դիմել քրեական հեղինակություններին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

      

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինա Գրիգորյանի կարծիքով՝ բարեփոխումներ պետք է իրականացվեն հանրության հետ ակտիվ քննարկումների արդյունքում: Այս մասին նա ասել է «Ոստիկանության 2020-22 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկմանը և հավելել, որ նմանատիպ քննարկումները երկարաժամկետ կայուն փոփոխություններ կարող են ապահովել։

 Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանի դիտարկմամբ՝ փոփոխությունների դրույթները միտում ունեն ոստիկանությունում աշխատանքի բարեփոխման․

«Կարևոր է,  գործընթացում ներգրավվել  և՛ Արդարադատության նախարարությունը, և՛ ոստիկանությունը, և՛ Քննչական կոմիտեն: Մեր աշխատանքներն ընթանում են գործնական, մի նպատակին ուղղված լինելու ընթացքով»։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հավելել է, որ այս բարեփոխումները պետք է դառնան իրական, որովհետև եթե բարեփոխումները իրականացվեին միայն իշխանության պատկերացրած տեսանկյունից, դրանք դժվար թե ամբողջական բնույթ կրեին:

Ըստ Քոչարյանի Հայաստանում քննարկում կա այն մասին, թե ոստիկանությունը գործում է վարչապետի ենթակայության տակ։

«Վարչապետական պետություն ենք, նախարարություն պետք է լինի, թե ոստիկանություն: Այս քննարկումները բերեցին այն եզրահանգման, որ առաջին քայլը Ոստիկանությանն է վերաբերում, որովհետև այս քայլը ցույց կտա, թե այսօրվա քաղաքական փոփոխությունների մեջ ինքը ինչպիսին պետք է լինի: Այն պետք է լինի միտված դեպի քաղաքացին, որևէ կասկած չպետք է լինի, որ ոստիկանությունն ուժային կառույցների մեջ իրականացնում է այն գործառույթը, որն անհրաժեշտ է բոլորիս: Պետք է ընդգրկուն քննարկումներ լինեն»,- ասել է նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն ասել է, թե  բարեփոխումների փաթեթը պետք է բաժանել երկու խոշոր հատվածի՝ առաջինը վարչական վերափոխումներն են, երկրորդը ՝ կրթական կոմպոնենտը։

«Վարչական վերափոխումներն այն են, ինչը թույլ է տալիս ներքին գործերի նախարարության ստեղծում, ոստիկանության տարբեր մարմինների առանձնացում, մեկ մարմնի շուրջ միավորում: Երկրորդ ամենակարևոր կոմպոնենտը, որին պետք է ուշադրություն դարձնել փոփոխությունների այս գործընթացում, կրթական կոմպոնենտն է: Կրթությունն առաջնային պետք է լինի ոստիկանական համակարգում: Այս փոփոխությունները պետք է նախատեսված լինեն ոչ թե առաջիկա մի քանի տարվա համար, այլ առաջիկա տասնամյակում՝ ապահովելու ոստիկանության նոր ձևը»,- հայտարարել է նա։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն էլ հավելել է, թե լուրջ խնդիր է ոստիկանության հանրային ընկալումը։ Ըստ նրա՝ քաղաքացիները ոստիկանության տիրույթում գտնվող հարցերի համար չեն դիմում, քանի որ կարծում են՝ ոստիկանությունն այդ խնդիրը չի լուծի․  

«Մարդիկ նախընտրում են դիմել տարբեր մեխանիզմների՝ քրեական հեղինակություններին, մեծ ախպերներին, ոմանք ընդհանրապես ոչ մեկին չեն դիմում: Կարևոր է, որ ոստիկանը սկսվի ընկալվել որպես ընկեր, մարդ, ում կարող ես զանգել, երբ ունես խնդիր, ով քեզ կօգնի, ոչ թե 7 անգամ կտանի, կբերի բաժին, բացատրություն կուզի ու վերջում խնդիրը չի լուծի: Ոստիկանության էֆեկտիվության բարձրացումը կարևոր է նաև քրեական ենթամշակույթի թուլացման սահմաններում»։