Իրանում կորոնավիրուսի հետևանքով վիճակը շատ ավելի լուրջ է, քան ներկայացնում է իշխանությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News      

կորոնավիրուս

«Անվտանգության գոտի» հաղորդման հեղինակ, հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Կորոնավիրուսը մոտեցավ Հայաստանի սահմաններին, գրանցելով հիվանդության և մահացության դեպքեր Իրանում: Աշխարհում ներկայիս տեղաշարժի արագությունների պարագայում վարակի հեռու կամ մոտ գտնվելը չափազանց հարաբերական հասկացություն է, այնուամենայնիվ հարևան երկրում համաճարակի զարգացման վտանգը անգամներ ավելացնում է ռիսկերը: Պաշտոնական տվյալներ վերահրապարակելու իմաստ չեմ տեսնում մի քանի պատճառներով: Նախ, տվյալները չափազանց արագ փոփոխվում են և կարող են հնանալ արդեն հրապարակման պահին, մյուս կողմից՝ դրանց հավաստի լինելու վերաբերյալ ունեմ լուրջ վերապահումներ: Կան նաև ոչ պաշտոնական տվյալներ Իրանից, որոնք խիստ տարբերվում են պաշտոնականներից և պնդում են, որ վիճակը շատ ավելի լուրջ է, քան փորձում են ներկայացներ իշխանությունները: Հարցեր ունեմ նաև պաշտոնական թվերից բխող լետալության ցուցանիշի առումով, որն ինձ պարտադրում է համարել, որ վարակված, բայց դեռ չհայտնաբերված հիվանդների քանակը մեծ է։ Առանձին անհանգստություն է առաջացնում վարակի լոկալիզացման վերաբերյալ տվյալների բացակայությունը, ինչից բխում է, որ պրոցեսը անկառավարելի է: Վիճակի լրջության մասին խոսում են նաև Քուվեյթի և Իրաքի կողմից Իրանից և դեպի Իրան մարդկանց տեղաշարժի սահմանափակումը և Իրանից ժամանածների նկատմամբ կարանտին սահմանելը: Այդ ֆոնին երեկ հետևեցի ՀՀ լիազոր մարմինների և տարբեր պաշտոնյաների հայտարարություններին թեմայի շուրջ: «Մենք վերահսկում ենք իրավիճակը և անցել ենք 7 սահմանային հսկիչ կետերում ուժեղացված ռեժիմի» արտահայտությունները անձամբ ինձ ոչինչ չեն ասում, քանի որ ժամանակին իմ սովորած վարակաբանությունն ու համաճարակաբանությունը միայն ավելացնում են հարցերը: Եթե կարճ, համաճարակի կառավարումը ենթադրում է «վարակի աղբյուր – տարածման եղանակներ – զգայուն օրգանիզմ» շղթայի կոմպոնենտներին ներազդեցությունը (ցանկալի է բոլոր), որի արդյունքում համաճարակի տարածումը դադարում է: Ամեն օղակի համար կա գործիքակազմի արսենալ, բայց առանցքային դեր է վերապահված կարանտինին:

Ինչ է նշանակում «ուժեղացված վերահսկողություն» և արդյոք դա երաշխիք է սահմանից ներս վիրուսի ներթափանցման դեմ։ Եթե դրանք ջերմավիզորների կամ նույնիսկ ջերմաչափերի միջոցով ժամանողներին զննումն է, ապա միչև 14 օր (իսկ որոշ աղբյուրներով՝ երբեմն ավել) ինկուբացիոն շրջան ունեցող հիվանդության պարագայում դա կասկածելի հուսալիությամբ պատնեշ է՝ միևնույն է բաց սահմանի պարագայում: Եթե ժամանողը չի գտնվում հիվանդության ակտիվ ֆազային բնորոշ սիմպտոմներով կամ բարձր ջերմությամբ ու խորը հազով սողալով չի հատում սահմանը, ապա «վիրուս որոնող հայացքը» առոչինչ է: Առանձին պարզաբանման կարիք ունի ժամանողների հետագա «հասցեական վերահսկողություն» հայտարարածը: Այսինքն, շուրջօրյա ուղեկցվու՞մ են բոլոր կասկածելի ժամանողները, ներառյալ բոլոր նրանք, ում հետ հաղորդակցվում էր երկիր ժամանածը և առաջին իսկ սիմպտոմի իհայտ գալու պարագայում հոսպիտալացվու՞մ է։ Իսկ ուր է հոսպիտալացվում և ինչպես, և արդյոք մոբիլիզացված են առանձնացված հաստատություններ և անձնակազմ համապատասխան ռեժիմ սահմանելու և պահպանելու համար և քանի հնարավոր հիվանդի համար։ Եթե լիազոր մարմիններից որևիցե մեկը (կլինի դա բժշկական, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների կամ այլ կառույց) պատրաստ է պատասխանել իմ այս և բազմաթիվ այլ հարցերին, արձագանքեք խնդրում եմ և համեցեք «Անվտանգության գործոն» իմ հեղինակային հաղորդման գալիք եթերին: Իսկ մինչ այդ քոմենտներում հաղորդման վերջին թողարկումը այս թեմայով վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ»։