Ոստիկանության նախկին աշխատակիցը կասկածվում է Էջմիածնում տեղի ունեցած կրակոցների մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

հրազենայինվնասվածք

Այսօր՝ փետրվարի 22-ին՝ ժամը 11։50-ի սահմանում, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

«Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը, ում վրա, ըստ նախնական տեղեկությունների, կա կրակոցի 3 հետք, հիվանդանոց է տեղափոխվել Արամ Մանուկյան փողոցից։ Սպանվածը 36-ամյա Գևորգ Խալաթյանն էր։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները սպանվածի տան պատերին հայտնաբերել են նաև կրակոցի հետքեր։

Սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Մեսրոպ Կյուրեղյանին, ով այս պահին գտնվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնում։

Մ. Կյուրեղյանը ոստիկանության նախկին աշխատակից է։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները։