Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ուժեղացված ծառայություն՝ Նոր Նորքում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Հասարակական անվտանգության ապահովումը ոստիկանության կարևորագույն գործառույթներից է։ Այս համատեքստում հերթական ուժեղացված ծառայությունն իրականացվեց Նոր Նորք վարչական շրջանում, փետրվարի 22-ի գիշերը։ Ուժեղացված ծառայությանը ներգրավված էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի, ինչպես և Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները։

Ուրախությամբ պետք է փաստենք, որ ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական անվտանգությունը խաթարող որևէ լուրջ միջադեպ տեղի չի ունեցել։ Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի խախտում։

Առանց համարանիշերի մի մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ի դեպ, մեքենան վարած երիտասարդը նաև վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Զննվել են կասկածելի ավտոմեքենաներ, որոնցից մեկում փայտե մահակ է հայտնաբերվել։

Հասարակական անվտանգությամբ ու անդորրով մտահոգ՝ ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։