Մալաթիա-Սեբաստիա համայնքից 30 շուն հետազոտվել է․ նրանց մոտ չկա կատաղություն հիվանդություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

թափառողշներ

«Հարգելի Երևանցիներ, հաշվի առնելով վերջերս որոշ լրատվամիջոցներում և սոցցանցերում տարածված անհիմն լուրերին, ցանկանում ենք լուսաբանել իրականությունը»։ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը հայտարարություն է տարածել վերջին շրջանում համացանցում բուռն արձագանքի արժանացած ֆեյսբուքյան օգտատեր Մարինե Օհանջանյանի գրառման վերաբերյալ։ Գրառման մեջ օգտատերը հայտնել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի թաղամասից դեպի Սվաճյան փողոց տանող հատվածում մեծ թվով թափառող շների մասին։ Գրառման մեջ նշված էր, որ շները պարբերաբար կծում են երեխաներին։

«Վերջին օրերին Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ-ը աշխատել է արտակարգ ռեժիմով, ելնելով քաղաքացիների՝ մասնավորապես Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների ահազանգերի շատ մեծ քանակից:
Համաձայն ստացվող տեղեկատվության՝ վերոնշյալ համայնքում թափառող շները ագրեսիվ վարքագիծ են ցուցաբերել՝ հարձակվելով և վնասելով բնակիչներին, հատկապես երեխաներին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ավելի քան 30 շուն նշված համայնքից բերվել են և հետազոտվել մասնագետների կողմից։ Հետազոտությունների արդյունքում կենդանիների մոտ կատաղություն հիվանդություն չի հայտնաբերվել: Ստուգումների ավարտից հետո կենդանիների որոշ մասը վերադարձվել է նույն տարածք, իսկ դպրոցների և մանկապարտեզների կից տարածքներից հավաքված շները տեղափոխվել են այլ տարածքներ՝ նմանատիպ երևույթներից խուսափելու նպատակով: Բերված կենդանիներից 6 շուն իրենց չափերով խոշոր լինելու պատճառով, տրվել են անհատ խնամողների ՝ սեփական տարածքում պահելու /փողոցում չհայտնվելու պայմանով/, շան և հասարակության անվտանգությունը ապահովելու նպատակով։
Ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք, որ տվյալ տարածքից բերված ոչ մի կենդանի էֆթանազիայի չի ենթարկվել ( չի քնեցվել)։

Բացի այդ, ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն բանին, որ մեր նպատակը կենդանիներին էֆթանազիայի միջոցով վերացնելը չէ, այլ Երևան քաղաքում ստերջացման և հակահամաճարակային միջոցառումների իրականացման միջոցով կենդանիների գլխաքանակի կարգավորումն է, որը ԹԿՎԿ ՀՈԱԿ-ը իր մեկ տարվա գործունեության ընթացքում իրականացրել է և որի վառ ապացույցն է մինչև այսօր ստերջացված և կատաղության դեմ պատվաստված մոտ 3000 կենդանիների առկայությունը Երևանի փողոցներում:

Ինչ վերաբերում է կլինիկայում տիրող հակասանիտարական պայմանների վերաբերյալ խոսակցություններին, դա իրականությանը չի համապատասխանում: Ճիշտ է պայմանները իդեալական չեն, քանի որ տարածքը ժամանակավորապես է տրամադրվել ՀՈԱԿ-ին ՀՀ Ագրարային համալսարանի կողմից, որը նախկին կառավարության շնորհիվ , բազմաթիվ նմանատիպ հաստատությունների նման գտնվում է չվերանորոգված և անխնամ վիճակում, չնայած որ հնարավորինս պահպանված են վիրահատությունների իրականացման նվազագույն պայմանները: ՀՈԱԿ-ի՝ նման պայմաններում գործունեության որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով նշված խնդրի հրատապությունը, և դա ոչ մի կերպ չի անդրադարձել մեր մասնագետների կատարած վիրահատությունների վրա, ինչի ապացույցն են կենդանիների մոտ հետվիրահատական խնդիրների բացակայությունը:

Ամփոփելով ցանկանում ենք տեղեկացնել, որ շուտով պատրաստ կլինի քաղաքապետարանի կողմից կառուցվող կլինիկան, որն իր պայմաններով և հագեցվածությամբ կհամապատասխանի միջազգային չափանիշներին և կլինի միակը տարածաշրջանում»,- գրել է կենտրոնը։