Նախարարը անհարկի է համարում կորոնավիրուսի հետ կապված լարումը հանրության շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նոր կորոնավիրուսի բռնկումների աշխարհագրության տարածմանը զուգընթաց դրա դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին։ 

«Հարգելի հայրենակիցներ,

Նոր կորոնավիրուսի բռնկումների աշխարհագրության տարածմանը զուգընթաց, դրա դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը աշխատանքային մշտական քննարկումների արդյունքում կայացնում է իրավիճակին համահունչ որոշումներ։

Որոշումների կայացման գործընթացում հաշվի են առնվում բազմաթիվ մասնագիտական գործոններ, առանց որոնց որոշումները կլինեն սխալ և ավելի շատ վնաս կպատճառեն մեզ՝ բոլորիս, քան օգուտ կտան։

Առողջապահության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ են իրենց գործընկերների հետ՝ բռնկումների դեմ պայքարի գործողությունների միջազգային սինխրոնացման համար, որովհետև իզոլացված գործողությունները չեն կարող արդյունավետ լինել։ Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջազգային մեխանիզմները ժամանակակից աշխարհում հենց այդպիսի սինխրոն գործողություններ են ենթադրում։

Մինչ այդ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել իրավիճակի անհարկի և արհեստական լարմանը և դրանից տարբեր դիվիդենտներ քաղելուն, ինչը համարում եմ անընդունելի։

Մեր նախարարության ենթակայության NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amը ունեն բավարար մասնագիտական և տեխնիկական ներուժ վարակիչ հիվանդություններին համարժեք արձագանք տալու համար։

Խնդրում եմ հետևել պաշտոնական լրահոսին և չտրվել սադրանքներին»,- ասված է գրառման մեջ։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։