ՀՅԴ ՀԵՄ-ը փակ ժողովում քննարկվել է ՀՀ-ում տիրող ներկա իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News     

ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Փետրվարի 22-23-ը Երևանում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 7-րդ պատգամավորական ժողովը, որին ներկա էին պատգամավորներ ՀՀ բոլոր մարզերից։ 

Ժողովը մեկնարկեց հանդիսավոր բացման արարողությամբ, որին ներկա էին ներկայացուցիչներ ՀՅԴ Բյուրոյից, Գերագույն մարմնից, Բյուրոյին կից Երիտասարդական գրասենյակից եւ Նիկոլ Աղբալյան Ուսանողական միությունից, Արարատ հայրապետական թեմի երիտասարդաց միությունից, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ից, Հայաստանի պատանեկան միությունից, «Լուսավոր Հայաստան»,  Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացու Որոշում», «Ազատ Դեմոկրատներ» կուսակցություններից,  Հայաստանի Երիտասարդական Կառավարությունից,  ՍԴՀԿ «Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունից։

Պատգամավորական ժողովն իր աշխատանքները շարունակեց փակ դռների հետեւում՝ անդրադառնալով ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության նախորդ երկու տարիների գործունեությանը, ՀՀ-ում տիրող իրավիճակին, հայկական պետությունների առջեւ ծառացած մարտահրավերներին եւ այդ մարտահրավերների հաղթահարման գործում երիտասարդների դերակատարությանը, աշխարհասփյուռ հայ երիտասարդների խնդիրներին։

Ժողովը քննեց և գնահատեց շրջանավարտ Կենտրոնական վարչության աշխատանքները։

Անդրադառնալով ՀՀ-ում տիրող ներկա իրավիճակին՝ ժողովը․

վերահաստատեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության վճռականությունը՝ շարունակելու ժողովրդավարական, ընկերվարական եւ ազգային գաղափարների հիմքի վրա արդեն իսկ նախաձեռնած գործընթացները քաղաքական-հասարակական դաշտում

ընդգծեց Հայաստանի ու Արցախի հանրապետություններում բնակվող, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայ երիտասարդների միջև կապերի խորացման անհրաժեշտությունը

շեշտեց համահայկական երիտասարդական ներուժն ի շահ հզոր, ժողովրդավար, ընկերվար եւ միացյալ հայրենիքի կերտման օգտագործելու կարեւորությունը

Ժողովն ամփոփվեց Կենտրոնական վարչության նոր կազմի ընտրությամբ»։