Կեղծ ռումբի մասին ահազանգ է ստացվել նաև «Շիրակ» օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

հասարակական

Փետրվարի 22-ին, երբ անհայտ անձը զանգահարել էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ և հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է դրել, պարզվում է՝ նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Շիրակի մարզի ոստիկանության Կումայրիի բաժնում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվ բոլոր ծառայությունները ստուգումներ են իրականացրել նաև Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում. այնտեղ նույնպես ոչինչ չի հայտնաբերվել։

Իրավապահներն արդեն պարզել են կեղծ ահազանգող «ծալապակասի» հեռախոսահամարը։

Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ անհայտ քաղաքացու կողմից ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել էր, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված և պայթելու է:

«Զվարթնոց» օդանավակայան էին ժամանել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ: Ժամանել էին նաև Երևանի շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև սակրավորներ և կինոլոգներ:

Քանի որ ահազանգողը չէր հայտնել, թե որ օդանավակայանում էր ռումբը դրված, մի խումբ ոստիկաններ, փրկարարներ և մյուս իրավասու կառույցների ծառայողներ ստուգել էին կատարում նաև «Էրեբունի» օդանավակայանում:

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ասել էին, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության հատուկ դասակի ծառայողները: