Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը դադարեցվեց․ ինչպե՞ս է իրականացվելու բեռնափոխադրումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

կորոնավիրուս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ որոշում է կայացվել՝ դադարեցնելու ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

«Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով որոշվեց.

1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:

3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել՝ առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

4. Որևէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:

5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:

6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք և հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ ավելի վաղ, անվտանգության նկատառումներից ելնելով, Իրանի հետ սահմանը փակել է նաև Պակիստանը, չնայած այն հանգամանքին, որ երկրում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ չկան։ Իրանի և Պակիստանի սահմանագծին վերջինս 100 հոգանոց անձնակազմ ունեցող հիվանդանոց է բացել։