Հրաժարվում ենք գիտության ոլորտում կոսմետիկ փոփոխություններից. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

«Շարունակում է գործել բուհերի կառավարման ներկայիս սխեման, որն, արտաքուստ հավասակշռված լինելով հանդերձ, կառավարչական լուրջ թերություներ ունի»,- այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումների թեմայով ԱԺ լսումների ժամանակ։

«Նոր օրենքի անհրաժեշտությունը բխում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման կարևորությունից։ Օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ը՝ բուհի ներկայացուցիչ, այդ թվում՝ մեկն ուսանող, մյուս 6-ը՝ գործարար շրջանակներից, հասարակական հատվածից։ Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնողների գործունեությունն արգելվում է», - պարզաբանեց ԿԳՄՍ նախարարը։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նախագիծը հեղափոխական է, և կա բավարար կամք՝ փոփոխություններ կատարելու օրենքում։

«Մենք այլևս հրաժարվում ենք գիտության ոլորտում կոսմետիկ փոփոխություններից։ Մենք շրջադարձային փոփոխություններ ենք ունենալու», - ասաց նախարարը։