Մոլդովայի խորհրդարանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

հասարակական

Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով: Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի հայկական կողմի համանախագահ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Մոլդովական պատվիրակության կազմում, ի թիվս մի խումբ խորհրդարանականների, Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ, հայազգի պատգամավոր Հայկ Վարդանյանն է:

Ինչպես տեղեկացնում է Մոլդովայի խորհրդարանի պաշտոնական կայքը, Գրեչանին հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ: Նրան կհյուրընկալեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Օրակարգն ընդգրկում է նաև հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը կայցելի Հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ:

Խորհրդարանի նախագահի այցելությունը Մոլդովա-Հայաստան միջխորհրդարանական հարաբերությունների պատմության մեջ առաջինն է:

Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին: