Ամուսնուն սպանելուց հետո Էջմիածնում հանցագործը կրակել է կնոջ և երեխաների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ակ47

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական, միջոցառումների արդյունքում բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության և սպանության փորձ կատարելու դեպքերի  հանգամանքերը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 11:20-ի սահմանում, Էջմիածնի բնակիչը համաքաղաքացուն ապօրինաբար դիտավորությամբ  կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող «ԱԿ-47» տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ և սպանել նրան։

Այնուհետև, նույն ինքնաձիգով սպանվածի կնոջը ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել վերջինիս ու նրա 6-ամյա և 12-ամյա անչափահաս երեխաների  ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ սպանվածի կինը  երեխաների հետ մտնելով տուն, փակել է մուտքի երկաթյա դուռը և թաքնվել։

Առերևույթ հանցագործության առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) 1-ին մասով,  34-104-րդ հոդվածի (Սպանության հանցափորձ) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով՝ Էջմիածնի բնակիչը ձերբակալվել է:

Կատարվում են մեծածավալ  քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նշված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: