Լևոն Երանոսյանի գործով դատական նիստին ներկա է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

երանոսյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ սկսվել է ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում և այս դատական նիստին կուսումնասիրվեն նախաքննական հատորներում առկա տեսաձայնագրությունները։

Դատական նիստին ներկա է նաև գործով տուժող Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին ՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ գործադրելու մեջ։ Գործողության հետևանքով տուժած են համարվել 2 տասնյակից ավելի անձինք։ Պատճառվել են տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնասներ:

Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:

Նշենք նաև, որ գործով տուժողներից են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: