Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցվել․ դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News       

Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:

Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Փետրվարի 11-ին Ազգային ժողովում Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչում:  Նա տեղեկացրել էր, որ սպառնալիքների հարցով դիմել է գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազությունը պատգամավորի գրությունն ուղարկել էր Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն որպես հանցագործության մասին հաղորդում: