«Նորք Մարաշ» ԲԿ-ում իրաքցի 3-ամյա աղջկա սրտի վիրահատությունը բարեհաջող է անցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

սիրտ

Երևանում գտնվող իրաքցի 3-ամյա Արզնդան, ով սրտի արատ ուներ, փետրվարի 24-ին վիրահատվել է: Վիրահատությունը կատարվել է Երևանի քաղաքապետարանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում: 10 ժամ տևած վիրահատությունը բարեհաջող է անցել: Ներկայում երեխան վերակենդանացման բաժանմունքում է, ինքնուրույն շնչում է: Այդ մասին «Արմենպրեսին» հայտնել է բժշկական կենտրոնը:

Ըստ աղբյուրի՝ Իրաքի եզդի փախստականների ընտանիքում ծնված, սրտի բնածին արատ ունեցող 3-ամյա Արզնդան վիրահատության կարիք ուներ, որը հնարավոր չէ իրականացնել իր երկրում՝ Իրաքում: Նա վեց ամսական է եղել, երբ ընտանիքը նկատել է, որ երեխան առողջական խնդիրներ ունի: Նրան արդեն մեկ անգամ վիրահատել են իրավիճակը կայունացնելու համար: 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի և նրա «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության շնորհիվ և «Ավրորայի» աջակցությամբ Արզնդան օրեր առաջ տեղափոխվել էր Երևան՝ « Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, որպեսզի այստեղ անցնի բուժօգնության հաջորդ փուլը: Այստեղ մինչ վիրահատությունը երեխան անցել է համալիր ստուգում:

Հայաստան տեղափոխվելու և անհրաժեշտ բուժում ստանալու համար փոքրիկին և նրա մորը մեծապես աջակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը:

1