Վարդանյանը հիշեց Նապոլեոնին․ դատավորը պիտի լինի հասարակական հիերարխիայի առաջին շարքում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ԱԺ լսումների ժամանակ, անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին, հայտարարել է, որ այն անվերջ գործընթաց է, և որ համակարգն անընդհատ պետք է կատարելագործվի։

«Դատական համակարգում ունենք համակարգային խնդիրներ։ Դատավորների աշխատանքը տաժանակիր է, սակայն պետք է ասել, որ դատական համակարգում անբասիր դատավորները մեծ մաս են կազմում», - ասել է Վլադիմիր Վարդանյանը և նկատել, որ պետք է հասնել այն մակարդակին, որպեսզի որևէ քաղաքացի չկասկածի դատավորների պրոֆեսիոնալ և բարոյական որակների վրա։

«Նապոլեոն Բոնապարտն ասել է՝ դատավորներները հանրային կարգի պահապաններն են։ Եվ հիրավի, դատավորների տեղը պետք է լինի հասարակական հիերարխիայի առաջին շարքում։ Նրանք պետք է արժանանան ամենալայն վստահության, բայց նաև պարտավոր են ամեն օր իրականացել օրենքի վրա հիմնված արդարադատություն», - իր խոսքն ամփոփեց պատգամավորը։