Մեղավոր չենք, որ շատ կոռուպցիոն դեպքեր են եղել. Բադասյանը՝ Սերժ Սարգսյանի քրգործի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Բադասյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործին և ՀՀԿ-ի հայտարարությանը, թե դա շինծու, 1 մարդու ցուցմունքով գործընթաց է, նշել է, որ ցանկացած նախկին պաշտոնատար անձի նկատմամբ կոռուպցիոն բնույթի քրգործ, որ հարուցվում ու քննվում է, փաստարկները միշտ նույնական են:

«Կարող եք նույնիսկ տեքստերում անուն-ազգանունները փոխել, մնացած բառերը նույնն են, այսինքն՝ որ սա քաղաքական հետապնդում է և այլն: Գործող իշխանությունը որևէ կերպ մեղավոր չէ, որ նման շատ կոռուպցիոն դեպքեր են եղել, և այսօր ամբողջ իրավապահ համակարգը լծված է կոռուպցիոն բնույթի քրգործերի քննությանը: Մենք հաստատ մեղավոր չենք: Հիմա էլ գործող պաշտոնատար անձանց նկատմամբ գործեր հարուցվում են, քննվում են, այսինքն՝ որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող»,-ասել է նախարարը:

Հարցին՝ ճնշո՞ւմ չէ այն, որ դատարանի առջև հավաքվել են Սերժ Սարգսյանի աջակիցները և ակցիա են անում, նախարարն ասել է, որ դա կախված է ակցիայի ձևից, բնույթից ու այլ հանգամանքներից։