Լոս Անջելեսում վերջին հրաժեշտն են տվել Քոբի և Ջիանա Բրայանտներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News       

Բրայանթ

Համաշխարհային սպորտը, ամերիկյան հասարակությունը փետրվարի 24-ին Լոս Անջելեսում վերջին հրաժեշտը տվեց լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտին և նրա դստերը` Ջիանա Բրայանտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լոս Անջելես Լեյքեր»-ի մարզահամալիրում կայացած հրաժեշտի երեկոյին մասնակցել են հայտնի մարզիկներ, դերասաններ, հասարակական գործիչներ, այլ անձինք, ովքեր վերհիշել են Բրայանտի անցած ուղին, հիշել` սպորտում ունեցած նրա ներդրման մասին և մեկ անգամ ևս հաստատել, որ երազանքների ճանապարհին մարդկանց առաջ է տանում միայն ջանասեր աշխատանքը, ինչը միշտ ասում էր «Լոս Անջելես Լեյքերս»-ի 24 համարը` Բրայանտը:

Բրայանտի տիկինը` Վանեսա Բրայանտը իր գերհուզումնալից խոսքում պատմել է ընտանեկան պատմություններ, խոսել դստեր` Ջիանա Բրայանտի մարդկային որակների և այլևս երբեք չիրականացող երազանքների մասին: «Ջիանան մեր հպարտությունն էր և հիմա էլ է: Նա... միշտ իր տեսակի մեջ առանձնահատուկ էր»,-ասել է Վանեսան: Անդրադառնալով Քոբիին՝ նա շեշտել է, որ իրենք միմյանց գիտեին 17 տարեկանից և միմյանց համար լավագույն ընկերներ էին: «Քոբին երբեք չէր դադարում բոլորիս ասել, թե որքան գեղեցիկ ենք մենք, և երբեք չէր դադարում աղջիկներին ասել, թե որքան խելացի են նրանք: Աստված գիտեր, որ նրանք առանձին մնալ չեն կարող ինչպես այս երկրի վրա, այնպես էլ երկնքում: Գիտեմ, որ հանգչում են խաղաղությամբ՝ մինչև մի օր նորից կհանդիպենք իրար»,-ասել է նա:

Մոտ երեք ժամ ձգված հրաժեշտի երեկոյի ընթացքում իրենց խաղընկերոջն են հիշել Շաքիլ Օ'Նիլը, ինչպես նաև բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանը:

NBA լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտը մահացել է հունվարի 26-ին ուղղաթիռի վթարի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսից ոչ հեռու: Ուղղաթիռում Բրայանտի հետ եղել է նաև նրա 13 տարեկան դուստրը: Քոբի Բրայանտը 41 տարեկան էր և պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում հինգ անգամ դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի հետ երկու անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն:

NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր: 2018 թվականին արժանացել է «Օսկար»-ի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։