Ղարաբաղի հարցն իմ կյանքի հարցն է, այն տանելու եմ մինչև վերջ. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։ Դատրան մտնելուց առաջ Սերժ Սարգսյանը բարձրախոսով դիմել է շենքի առաջ հավաքված իր աջակիցներին։

«Եկել եք պաշտպանելու արդարադատությունը։ Խնդրում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր մերձավորներին հարազատներին, որոնք չեն փորձել Ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալու տանը, ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հետու։ Շատ շնորհակալ եմ»,-ասել է Սերժ Սարգսյանը, ապա հույս հայտնել, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից։

«Հույս ունեմ, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, Ձեզ համար հայ ժողովրդի մեծամասնության համար ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից։ Խնդրում եմ վերադառանալ տուն, զբաղվել Ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին։

Ես աշխարհի ամենաբարձր ամբիոնից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ԼՂ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր։

Շատ-շատ շնորհակալ եմ։ Ցտեսություն»,-ասել է Սերժ Սարգսյանը