ՏՄՊՊՀ-ն իր աշխատանքներում որդեգրել է «չվնասելու» սկզբունքը. ՏՄՊՊՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

.

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր ներկա է գտնվել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի եւ ԱՄ Փարթնրզ Քոնսալթինգ Քամփնի ընկերության կողմից կազմակերպված շնորհանդեսին, որի ընթացքում ներկայացվել են «Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտություն» ուսումնասիրության արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

Իր բացման խոսքում Գեղամ Գեւորգյանը կարեւորել է պետական մարմինների եւ հանրային հատվածի, մասնավորապես հասարարակական կազմակերպությունների հետ ակտիվ, սերտ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ մասնագիտական հանրույթի ջանքերի մեկտեղումը, կառուցողական, առողջ բանավեճը մշտապես հանգեցնում են առավել լավ վերջնարդյունքի, որից շահում է քաղաքացին, բիզնեսը եւ պետությունն ընդհանրապես:

ՏՄՊՊՀ նախագահն այս համատեքստում տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են ակտիվացնել հանձնաժողովին կից հասարակական խորհրդի աշխատանքները եւ ստեղծել երկխոսության եւս մեկ հրապարակային հարթակ՝ այդ համագործակցությունը դարձնելով առավել ներառական եւ արդյունավետ:

«Տնտեսական մրցակցության ընկալման հարցում, ինչպես նաեւ ՏՄՊՊՀ-ի՝ որպես մարմնի վերաբերյալ, հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման, տնտեսվարողների շրջանում մրցակցային մշակույթի խրախուսման ուղղությամբ ամենօրյա աշխատանք ունենք իրականացնելու»,-իր խոսքում մասնավորապես նշել է Գեղամ Գեւորգյանը՝ հավելելով, որ ՏՄՊՊՀ-ն իր աշխատանքներում առաջնահերթ որդեգրել է «չվնասելու» սկզբունքը եւ պատրաստակամ է բաց եւ թափանցիկ աշխատել տնտեսավարողների եւ հանրության լայն շերտերի հետ:

Հետազոտությունը կատարվել է ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի ՍՊԸ-ի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ԹԻՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում ՀՀ-ի տնտեսության 27 տարբեր բնագավառներ ներկայացնող 400 բիզնեսների ղեկավարների եւ այլ պատասխանատու պաշտոնյաների հետ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Հարցազրույցներ են անցկացվել ձեռնարկությունների միավորումների, բիզնեսների եւ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: