Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. քրեական գործը կարճվեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

Դավիթ Սանասարյան

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով 9-ամյա երեխային վթարի ենթարկելու դեպքին: Նա մասնավորապես նշել է, որ վթարի գործով փորձաքննությունն ապացուցել է իր անմեղությունը, քրեական գործը կարճվել է։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Լուր, որին շատերն են սպասում

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը, հետևաբար քրեական գործը կարճվեց։

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր վստահեցին ինձ ու չէին հավատում, որ ես կարող եմ մեքենայի տակ երեխա գցել ու հրաժարվել փաստից։

Չեմ ուզում կրկնել թե ինչ կեղծ ու ստոր հավաստիացումներ էին անում բոլորիդ հայտնի սրիկաները, պարզապես մի անգամ ևս կրկնեմ. ես երեխային մեքենայի տակ չեմ գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենայիս ու վայր ընկել։

Թող բոլոր երեխաներն անփորձանք ու առողջ լինեն։

Սիրում եմ բոլորիդ»:

Հիշեցնենք, որ 2019-ի սեպտեմբերի 12-ին ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել: