Քարոզչության hիմնադրամի մուծումները չպիտի գերազանցեն 100մլն դրամը. 105-ը կփոխանցվի՞ բյուջե

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

այո

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի՝ «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված գումարին: Գրառումը՝ ստորև․

«Այո»-ի դրամահավաքին հավաքագրվեց 205 մլն դրամ։

Հանրաքվեի մասին օրենքի հոդված 20-րդ հոդվածը սահմանում է.

«Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը․

1. Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը (100 մլն դրամը): 

3. ... սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե»։

Հիմա հարց. արդյոք հավաքագրված 205 միլիոնից 105-ը կփոխանցվի՞ պետական բյուջե:

ԼՐԱՑՈՒՄ. Ո՛չ, չի փոխանցվի, քանի որ ֆորմալ առումով դրամահավաքը արել է ոչ թե «Այո»-ն, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Եվ այստեղ մենք նորից գալիս ենք արդեն 10 տարուց ավել քննարկվող՝ ընտրությունների (ու հանրաքվեների) քարոզչության ֆինանսավորման կարգավորումների թերության խնդրին»:

Նշենք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ: