Մեր թիմը կներկայանա հեղափոխական ծրագրով. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

արցախ

Արցախում փետրվարի 26-ին պաշտոնապես մեկնարկում է մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այս կապակցությամբ Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հանդես է եկել նախընտրական կոչով՝ ուղղված մրցակից բոլոր թեկնածուներին և քաղաքական ուժերին։ Ուղերձը՝ ստորև.

«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր մեր հանրապետությունում պաշտոնապես մեկնարկում է մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Իմ գլխավորությամբ մեր քաղաքական թիմը ձեզ կներկայանա հեղափոխական, բայց նաև իրատեսական ծրագրով: Այն իրենում բովանդակում է մեր ժողովրդին հուզող հիմնական խնդիրների լուծման մեր տեսլականը եւ ամբողջովին միտված է Արցախում բարեկեցիկ, արդար ու ապահով ապագա կառուցելուն: Ծրագրի հիմքում դրված են մեր ժողովրդի արմատական շահերն ու պահանջմունքները, և, իմ խորին համոզմամբ, մեր գործունեության հիմնական առանցքն ուղղված է լինելու Արցախում կյանքի ու տրամադրությունների որակի փոփոխությանը:

Սիրելի՛ հայրենակիցներ, հանրապետության կառավարման ամբողջ պատասխանատվությունը ստանձնելու համար հայտ ներկայացնելուց առաջ մենք երկար ժամանակ ենք ունեցել նախապատրաստվելու: Այսօրվանից սկսած՝ ձեզ ներկայանում ենք երիտասարդներից ու փորձառուներից կազմված մեծ թիմով և հավատացնում եմ, որ ձեր վստահությանն արժանանալու պարագայում մենք համատեղ ջանքերով կարողանալու ենք կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնց մասին ավելի մանրամասն առաջիկա օրերին ձեզ հետ հանդիպումների ժամանակ խոսելու և ներկայացնելու առիթ կունենանք:

Եվս մեկ անգամ կարևորելով օրվա խորհուրդը՝ դիմում եմ այս քաղաքական ընտրապայքարին մասնակցող նախագահի բոլոր թեկնածուներին, կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքների պատասխանատուներին՝ նախընտրական քարոզարշավը համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտում կազմակերպելու կոչով: Թո՛ղ ծավալվի գաղափարների ու ծրագրերի պայքար՝ զերծ միմյանց նկատմամբ վիրավորանքներից ու ներքին միասնականությունը պառակտող փորձերից: 

Բարին ընդ մեզ»: