Կալանավորվեց համագյուղացուն սպանած ՊՆ փոխգնդապետը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Էջմիածնիկրակոցներ

Երեկ՝ փետրվարի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Մհերյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզում հաշվառված, սակայն Վաղարշապատ քաղաքում բնակվող 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դատավոր Վահե Խալաթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը, և Մ. Կյուրեղյանը դատարանից տեղափոխվել է «Վարդաշեն» (ժողովորդին հայտնի Միլիցեքի բանտ) քրեակատարողական հիմնարկ։

Ավելի վաղ,Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության ավագ քննիչ Մհերյանի որոշմամբ ձերբակալվել էր Շիրակի մարզի Աշոցք գյուղում հաշվառված 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանը: Վերջինս կասկածվում էր փետրվարի 22-ին իր մոտ եղած «ԱԿ-47» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով 36-ամյա Գևորգ Խալաթյանին սպանելու, այնուհետև սպանվածի հարազատների և տան ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ, որից հետո հանցագործության գործիք ավտոմատը թողնելով դեպքի վայրում, դիմել էր փախուստի: Սակայն կարճ ժամանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել էր ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից նրան տեղափոխել էին ոստիկանության Վաղաշապատի բաժին:

Արդեն Վաղարշապատի ոստիկանները նրան ներկայացրել էին Հայաստանի քննչաական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Սպանությունը տեղի էր ունեցել վաղ առավոտյան, իսկ կասկածյալ Մ. Կյուրեղյանը սպանության ժամանակ եղել էր զինվորական համազգեստով, իրավապահներին էլ հայտնել էր, որ ինքը նախկին զինվորական է. կոչումով՝ փոխգնդապետ:

Նա նախկինում եղել էր դատապարտված՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի և 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երբ զինվորականը սպանել էր Գ. Խալաթյանին, այնուհետև կրակոցներ էր արձակել ընտանիքի անդամների, այդ թվում՝ կնոջ և անչափահաս երեխաների ուղղությամբ, վերջիններս մի կերպ էին փրկվել տականքի կողմից արձակած կրակոցներից, սակայն նրանք եղել էին հոգեբանական ծանր ապրումների մեջ, և ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարականով Վաղարշապատ էին ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայողները՝ Նելլի Դուրյանի և հոգեբանի գլխավորությամբ: