Խոսելով Խոջալուի մասին՝ Փաշինյանը հղվում է բացառապես Մութալիբովի հարցազրույցի վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

«Այս քննարկումը շտապ ենք կազմակերպել, որովհետև տեսանք, թե ինչպես մեկ օրվա ընթացքում ռուսական առաջատար լրատվամիջոցներում բացահայտ քարոզչական բնույթ կրող, միակողմանի, հայկական գործոնը շատ սև ներկայացնող նյութեր էին հրապարակում»։ Այս մասին հաղորդեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Խոջալու-28. ինչպես հակազդել ադրբեջանական քարոզչությանը» թեմայով քննարկման ժամանակ։
«Երեկ և այսօր ականատես եղանք, թե հակահայկական քարոզչության ինչպիսի մեծ ալիք է բարձրացվել մի շարք միջազգային, հատկապես ռուսական լրատվամիջոցներում։ Անսպասելի էր նաև այն, որ այդ լրատվամիջոցների հետ տարիներ շարունակ աշխատանքներ են տարվել, հետևաբար այս թեմաները օտար չէին ռուսական մամուլին։ Նախկինում հակահայկական քարոզչության ցանկացած նման փորձ շատ լուրջ, փաստարկված պատասխանի էր արժանանում և լրատվամիջոցները պարզապես խուսափում էին միակողմանի քարոզչություն իրականացնելուց»,-հավելեց քաղաքագետը։  
Նա խոսեց քննարկման նպատակից, նշելով, որ պետք է Խոջալուի իրողությունները ճիշտ հասկանալ և հայ հանրությանն այն ճիշտ ներկայացնել։
«Լուրջ աշխատանք կար նաև պետական տարբեր օղակների և գիտական հանրույթի համագործակցության մակարդակում։ Այժմ, այդ համագործակցությունը կարծեք կասեցված է, ինչի հետևանքով մի իրավիճակ է, երբ, օրինակ, խոսելով նույն Խոջալուի մասին, երկրի վարչապետը հղում է անում բացառապես Մութալիբովի հայտնի հարցազրույցի վրա», - ասաց քաղաքագետը։