Ցեղասպանության ճանաչման համար հայ մտավորականները շնորհակալություն հայտնեցին ՀՀ-ում Սիրիայի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

արցախ

Մի խումբ հայ մտավորականներ փետրվարի 26-ին այցելեցին ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն, հանդիպեցին դեսպանին և շնորհակալություն հայտնեցին Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Նրանց թվում էին Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը և այլք: Այդ մասին տեղեկանում ենք «Արմենպրես»-ից։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է այս պատմական պահին Սիրիան Հայաստանում ներկայացնելը:

«Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել: Բոլորը մեկ հարց էին տալիս, թե ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այս պահին: Իմ պատասխանը միշտ եղել է այն, որ երբ Սիրիան իր դռներն է բացել և ընդունել Հայոց  ցեղասպանությունից փրկված հայերին, դա արդեն իսկ կատարվածի ճանաչում է եղել: Իսկ Սիրիայի խորհրդարանի որոշումը քաղաքական ճանաչում էր»,-ասել է դեսպանն ու հավելել՝ հպարտ է, որ սիրիահայերը Սիրիայի անկյունաքարերից են:

Նրա խոսքով` հայ մտավորականների այցը դեսպանություն իրենց համար պատիվ է: «Ես այստեղ զգում եմ ինձ այնպես, ինչպես Սիրիայում իմ ընտանիքի հետ: Հայաստանի կառավարությունը, կուսակցությունները, ժողովուրդը բարեկամական վերաբերմունք ունեն Սիրիայի հանդեպ: Այդ է վկայում նաև Հայկական հումանիտար առաքելության օգնությունը, որն ահռելի գործ է իրականացնում Սիրիայում: Հայերը միշտ իրենց բարեկամների կողքին են, և մեր բարեկամական հարաբերությունները միշտ էլ ամուր հիմքերի վրա են եղել: Ուր էլ հայերը գնան միշտ առանձնահատուկ ու առաջնային տեղ են զբաղեցնելու:  Ինչ աշխատանք էլ, որ անեն, դա յուրահատուկ կանեն»,-նշեց Մոհամմեդ Հաջ Իբրահիմը և հիշատակեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանին, որը մեծ ջանք է գործադրել և ներդրում ունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման գործում:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախորդ տարի  ինստիտուտում հյուրընկալել են Սիրիայի մի խումբ պատգամավորների: «Կարևոր զրույց ունեցանք Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մենք մեր փոքր ներդրումն արեցինք Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացում: Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանությունն ընդունելը կարևոր է, քանի որ Սիրիան մուսուլմանական երկիր է: Դա ճանապարհ է բացում իսլամական աշխարհի կողմից Հայոց  ցեղասպանության դատապարտման համար»,-նշեց Սաֆրաստյանն ու հավելեց, որ իսլամական աշխարհը սկսում է կամաց-կամաց դատապարտել մեր ցեղասպանությունը, որովհետև այն կրոն չի ճանաչում, այն հանցագործություն է մարդկության դեմ:

Նա համոզված է, որ Լիբանանից, Սիրիայից հետո նաև այլ իսլամական երկրները կդատապարտեն ծանրագույն հանցագործությունը: Ըստ Սաֆրաստյանի` բանաձևը քաղաքական, աշխարհաքաղաքական հաշվարկների արդյունքն է, բայց բանաձևի ընդունման գործում մեծ դերակատարում ունեցան Սիրիայի մեր հայրենակիցները, մասնավորապես Նորա Արիսյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս