Գարեգին Բ-ն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News   

Փետրվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Գրաեմ Միհանին (նստավայրը` Մոսկվա):

Իր բարեմաղթանքները փոխանցելով դեսպանին առաքելության ստանձնման առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Ավստրալիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններին եւ ձեւավորված սերտ գործակցությանը: Վեհափառ Հայրապետը հաստատեց Ավստրալիայի հայ համայնքի կարեւոր դերակատարությունը երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների սերտացման գործում՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի իր արդյունավոր ներդրումն ու նպաստը բերել թե´ պետությունների կապերի զարգացման գործընթացին եւ թե´ Ավստրալիայի առաջընթացին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը շեշտեց  Ավստրալիայի բազմազգ երկրում հաջողություններ արձանագրած հայ համայնքի կարեւոր ներգրավվածությունը տարբեր ոլորտներում: Վերջինս հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման եւ խորացման համար:

Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը նաեւ վերհիշեց Ավստրալիա կատարած իր հավվապետական այցերը` գոհունակությամբ անդրադառնալով հայ համայնքի ծաղկուն ազգային-եկեղեցական կյանքին, ինչպես նաեւ հայ ժողովրդի զավակների հանդեպ ցուցաբերվող ջերմ ու հարգալից վերաբերմունքին: Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն իր գնահատանքը փոխանցեց Ավստրալիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ դրսեւորվող հոգատարության համար:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդի գործուն մասնակցությամբ երկրում ձեւավորված միջեկեղեցական սերտ փոխգործակցությանը, որի վկայությունը Ավստրալիայի Եկեղեցիների հոգեւոր առաջնորդների էկումենիկ պատվիրակության այցն էր Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց դեսպանին՝ ի զորացումն հայ-ավստրալական կապերի։ Բնական աղետից տուժած  Ավստրալիայի ժողովրդին Նորին Սրբությունը ցանկացավ կորուստների շուտափույթ վերականգնում, խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանք: