Կորոնավիրուսի կանխարգելման համար խանգարող գործոն են հասարակության մեջ տարածվող լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

արտաշես

«Թեև ստեղծված վիճակը չափազանց անհանգստացնող է, սակայն և´ պետական մարմինների, և´ քաղաքացիների հետ հարաբերություններում առկա է ՀՀ դեսպանության հետ համագործակցության մեծ պատրաստակամություն»: Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հորդորել է խուճապ չտարածել կորոնավիրուսի առնչությամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 26–ին, Թումանյանն ասել է «Ալիք» օրաթերթին տված հարցազրույցում:

«Իհարկե, կան նաև խոչընդոտներ: Որպես խանգարող գործոն՝ կարող եմ նշել հասարակության մեջ տարածվող տարատեսակ լուրերը հիվանդության տարածման մասշտաբների մասին»։ Թումանյանը համոզված է, որ սա ավելի շատ կապված է ապատեղեկատվության, երբեմն էլ՝ ասեկոսեների հետ․«Իմ կարծիքով այսպիսի դեպքերում ամենավնասակար ազդեցությունը կարող է ունենալ խուճապը, որը պետք է հիմնովին բացառել»:

Նա նշեց, որ նման պայմաններում ՀՀ պետական մարմինների աշխատանքի հիմքում առաջնահերթությունը տրվում է ԻԻՀ-ից ստացվող պաշտոնական տեղեկատվությունը՝ միաժամանակ համագործակցելով միջազգային համապատասխան կառույցների հետ։

Դեսպանն անդրադարձել է նաև կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ Հայաստանի և Իրանի միջև իրականացվող քայլերին:

«Հայաստանում անհանգստացած են բարեկամ երկրում ստեղծված վիճակով և բոլորիս ցանկությունն է օր առաջ տեսնել այս համաճարակի հաղթահարումը, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ առողջ և երջանիկ»:

Թումանյանը խոսեց առաջիկայում ՀՀ քաղաքացիներին Իրանից Հայաստան փոխադրելու մասին՝ նշելով, որ կիրականացվի թռիչք․ «Ցամաքային սահմանով շարունակվում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, ինչպես նաև ԻԻՀ քաղաքացիների վերադարձը Իրան»,- նշել է Թումանյանը:

Դիվանագետը հավելել է, որ Իրանից Հայաստան ավտոտրանսպորտային բեռնափոխադրումներն իրականացվում են համապատասխան սանիտարական վերահսկողության պայմաններում՝ նշելով, որ հաղորդակցության սահմանափակումները չեն վերաբերում ՀՀ և ԻԻՀ պաշտոնական պատվիրակություններին, դիվանագետներին և նրանց ընտանիքի անդամներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան: