Արցախի ընտրական ողջ գործընթացին ներկա կլինի Արտակ Բեգլարյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

բեգլարյան

«Արցախի ՄԻՊ-ն իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում»: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից։

«2020թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առթիվ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ Պաշտպանի աշխատակազմը իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում՝ ելնելով Պաշտպանի լիազորություններից ու աշխատակազմի կարողություններից:

1. Պաշտպանի աշխատակազմում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քարոզարշավի ամբողջ ընթացքում և ընտրությունների օրն իրականացնելու է ընտրական գործընթացների դիտարկում՝ Պաշտպանի իրավասությունների սահմաններում քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների մշակույթը երաշխավորելու նպատակով:
2. Պաշտպանի աշխատակազմն իրականացնելու է բաց աղբյուրների (լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի) ամենօրյա ռեժիմով դիտարկում՝ ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումներին և մարդու իրավունքների մշակույթը խաթարող հրապարակումներին արձագանքելու նպատակով:
3. Պատշաճ կերպով ուսումնասիրվելու և քննարկվելու են Պաշտպանին հասցեագրված գրավոր և բանավոր (ներառյալ՝ թեժ գծի 116 հեռախոսահամարով և Պաշտպանի կայքէջով ստացված) բողոքները:
4. Իրավական խորհրդատվություն է տրամադրվելու քաղաքացիներին ընտրական օրենսդրության ու իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ:
5. Առանձնակի ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների անխափան աշխատանքին առնչվող հարցերը:
6. Հատուկ ուշադրություն է դարձվելու ընտրական իրավունքների իրացման համար հավասար ու մատչելի պայմանների ապահովման վրա:
7. Դիտարկվելու են հավաքների ընթացքում դրանց մասնակիցների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ընթացակարգերն ու պայմանները:
8. Մշտական կապ է պահպանվելու պետական լիազոր մարմինների, ընտրություններում ներգրավված սուբյեկտների, քաղաքացիական հասարակության և դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի ու անձանց հետ:
9. Պաշտպանը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և քաղաքացիներին հրապարակային հաղորդակցության մեջ այլոց հանդեպ դրսևորել հանդուրժողականություն և հարգանք՝ զերծ մնալով ատելության խոսքից և բռնության քարոզից, իսկ լրատվամիջոցներին՝ ցանկացած դեպքում հեռացնել ատելություն կամ բռնության կոչ պարունակող հրապարակումներն ու մեկնաբանությունները:
10. Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգություն է հայտնում, որ սոցիալական ցանցերի գլխավորապես կեղծ օգտատերերը, չարաշահելով խոսքի ազատությունը և անանուն մնալու իրավունքն ու մեխանիզմները, ատելություն, վիրավորանք ու բռնության կոչեր են տարածում այլ քաղաքացիների և խմբերի նկատմամբ: Անկախ սոցիալական ցանցերի հանդեպ ունեցած վերահսկողական թույլ մեխանիզմներից՝ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն ապահովելու մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը նաև առցանց տիրույթում:
11. Պաշտպանը պահանջում է հանրային ծառայողներից հատկապես աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում առաջնորդվել հանրային ծառայության հիմնական սկզբունքներով, ներառյալ՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությամբ, հանրային ծառայողների քաղաքական զսպվածությամբ, անկողմնակալությամբ և անձի ու նրա իրավունքների հանդեպ հարգանքով:
12. Պաշտպանը պահանջում է պետական լիազոր մարմիններից հավասար ու արդար պայմաններ ապահովել ընտրական գործընթացներում ընդգրկված բոլոր սուբյեկտների համար՝ երաշխավորելով ընտրական ու հարակից իրավունքների պատշաճ իրացման հնարավորությունները:
13. Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ 2019թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման հիման վրա կազմված Պաշտպանի առաջարկների մի մասը պատկան մարմինների կողմից արդեն իրականացվել է՝ բարձրացնելով ընտրական իրավունքների իրացման մատչելիության ու գաղտնիության մակարդակը: Պաշտպանը կարևոր է համարում, որ մնացած առաջարկները ևս քննարկվեն ու կյանքի կոչվեն՝ միևնույն ժամանակ մտադրություն հայտնելով առաջիկա ընտրությունների դիտարկման հիման վրա շարունակել ընտրական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանն ուղղված ջանքերը»: