Ընտրություն՝ հանուն Արցախի. մեկնարկել է Վիտալի Բալասանյանի նախընտրական քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News   

վիտալի բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցությունը փետրվարի 26-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր լեռները» (Տատիկ Պապիկ) հուշակոթողի մոտ մեկնարկեցին նախընտրական քարոզարշավը։ Հանդիսավոր այս արարողությանը մասնակցում էին բազմաթիվ ընտրողներ, որոնց շարքերում՝ շատ երիտասարդներ։ 

«Մարտի 31-ն արցախցիների համար կարեւորագույն օր է՝ նախորդ շրջանին գնահատականներ տալու և երկրի զարգացման հետագա նոր ուղենիշները սահմանելու համար: Ողջունելով հավաքվածներին՝ Վ. Բալասանյանը մասնավորապես նշել է. «Անարդարության մթնոլորտը և սոցիալական բևեռացումը հասարակությունում առաջացրել են հիասթափություն և հոռետեսություն, ինչը դրդում է մեր հայրենակիցներին հեռանալ երկրից: Այս վիճակն անընդունելի է և պահանջում է փոփոխություններ»: Ինքը պատրաստ է համախմբելու բոլոր առողջ ուժերին՝ իրականացնելու «բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ մշակված ծրագրերը՝ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու համար»:

Քարոզարշավի առաջիկա օրերին Բալասանյանն առիթ կունենա ընտրողներին մանրամասն ներկայացնել Արցախի անվտանգության համակարգի արդյունավետության բարձրացման, գործարար գրավիչ միջավայրի ու աշխատատեղերի ստեղծման, կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարի, արցախցիների սոցիալական բարեկեցության իր թիմի ծրագրերը։

«Փառահեղ հաղթանակներին զուգընթաց, չկարողացանք կյանքի կոչել նույնանման հաղթանակներ մեր թիկունքում, այն է` սոցիալական արդարության, տնտեսության, կրթության, առողջապահության, գյուղական համայնքների շենացման, Արցախի հանրապետության ողջ տարածքի համաչափ զարգացման, երիտասարդության ամբողջ ներուժի օգտագործման և այլ հարցերում,- ասել է Բալասանյանն՝ ընդգծելով,- Մենք տեր ենք կանգնելու մեր հաղթանակին, թույլ չենք տալու մեր ժողովրդի պառակտում և ապահովելու ենք բարեկեցիկ կյանք։ Սուրը պատյանից հանելու առիթ թող չլին, իսկ Խաչն էլ մեզ առաջնորդող»։

Քարոզարշավի հանդիսավոր մեկնարկի մասնակիցներն այնուհետեւ շարժվել են դեպի Ասկերան եւ ծաղիկներ խոնարհել «Փետրվարի 22-ի» հուշակոթողին։ Ապա Վ. Բալասանյանն ուղղվել է Թալիշ, որտեղ էլ հանդիպել ընտրողների հետ։