Իրանում ևս մեկ պատգամավոր վարակված է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

կորոնավիրուս

«Այո, կորոնավիրուսի թեստը դրական էր»։ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Մոջթաբա Զուլնուրը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անհանգստանալու կարիք չկա, ես կարանտինում են: Աստված տա` մեր ժողովուրդը հաղթահարի կորոնավիրուսը», - ասել է պատգամավորը IRIB-ի Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ:

Պատգամավորը Կումա քաղաքից է․ այստեղ ներկայումս գրանցված է կորոնավիրուսով վարակի դեպքերի ամենաբարձր ցուցանիշը։

Իրանցի մեկ այլ խորհրդարանական` Մահմուդ Սադեկին, ավելի վաղ հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանում կորոնավիրուսով վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 141-ի, որից 22-ը` մահացու ելքով:

Չինաստանի սահմաններից դուրս վարակի դեպքեր են հայտնաբերվել 44 երկրում, այդ թվում` Ռուսաստանում: Չինաստանի իշխանությունը երկրում մահացության 2744 դեպք են գրանցել, առողջացել է ավելի քան 32.4 հազար մարդ։ Վարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում՝ բացի Անտարկտիդայից։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։