Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա. Զասը խոսել է ԼՂ հարցի վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշման մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Այդ մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը:

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքները, մտքեր փոխանակվեցին դրանց արդյունքների շուրջ։

Քննարկվեցին ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր։

Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և ընգծեց Արցախյան հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հրամայականը՝ կարևորելով դրանում ՀԱՊԿ դիրքորոշումը ու Հայաստանի հասարակության սպասելիքներն այդ կառույցից։

Քարտուղար Զասը մեկ անգամ ևս հաստատեց ՀԱՊԿ դիրքորոշումը առ այն, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։

Քարտուղար Զասը ներկայացրեց ՀԱՊԿ շրջանակներում պլանավորվող և արդեն իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ հակաահաբեկչական և զորավարժությունների նախապատրաստման։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը առաջարկեց նաև դիտարկել ՀԱՊԿ պաշտոնական կայքի բարելավման հնարավորությունները՝ կայքի կառուցվածքում և հրապարակումներում ներառելով բոլոր անդամ պետությունների պաշտոնական լեզուները։

Հանդիպման ավարտից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի անունից տրվեց պաշտոնական ճաշ։

Տեսանյութեր

Live

Լրահոս