Գազալցակայան կառուցելու համար երևանցին Քուվեյթի ընկերոջից գողացել է 580․000 դոլար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ՀՀՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, տեղյակ լինելով, որ Քուվեյթում բնակվող իր ծանոթը գտնվում է ֆինանսապես ապահովված վիճակում, որոշել է Հայաստանի Հանրապետությունում նրա հետ բիզնես հիմնելու և ներդրում կատարելու պատրվակով վերջինիցս խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Հանցավոր մտադրությունն իրագործելու համար նա 2013 թվականին իր ծանոթին առաջարկել է Արագածոտնի մարզի Կոշ գյուղում ավտոգազալցակայան կառուցել: Ստանալով վերջինիս համաձայնությունը, չարաշահելով որպես մտերիմ  իր նկատմամբ ունեցած նրա վստահությունը՝ Երևանի բնակիչն իր ծանոթին առաջարկել է համատեղ ՍՊ ընկերություն հիմնադրել և Քուվեյթից գումարները փոխանցել նշված ընկերության հաշվին՝ շինարարական աշխատանքները կատարելու համար, որից հետո վերջինս, մեկնելով Քուվեյթ, սկսել  է գումարներ փոխանցել համատեղ հիմնադրած ընկերության հաշվին:

Այնուհետև խարդախությամբ գույք հափշտակելու իր դիտավորությունը չբացահայտելու նպատակով՝ նա պատրաստել է կեղծ փաստաթղթեր և ներկայացրել դրանք իր ծանոթին՝ որպես համատեղ հիմնած ՍՊԸ-ի անվամբ ձեռք բերված գույքի փաստաթղթեր, որի արդյունքում խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ 258.657.800 ՀՀ դրամին համարժեք՝ 580.000 ԱՄՆ դոլար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածի 1-ին մասով և 178-րդ (խարդախությունը) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: