«Ժառանգությունը» աշխատավարձի բարձրացման գործընթացը որակում է «ծայրահեղ անհամաչափ և աչառու»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

աշխատավարձ

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվում աշխատավարձի բարձրացմանը՝ գործընթացը որակելով «ծայրահեղ անհամաչափ և աչառու»: Հայտրարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Հայաստանի Հանրապետությունում հաղթել է երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն ունենալու ուղեգիծը:

Այս կարգախոսով ժողովրդի վստահության քվեին արժանացած քաղաքական ուժը պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում Հայաստանում  կենսամակարդակի աճի մասին, իսկ ամենավերջին արձանագրումը հետևյալն էր՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը բարձրացել է: Հպարտանալու ցուցանիշ: Սակայն այս բարձրացման պարզագույն վերլուծությունը բնավ հպարտանալու տեղիք չի տալիս:  

«Ժառանգություն» կուսակցությունը փաստում է, որ աշխատավարձի բարձրացումը եղել է ծայրահեղ անհամաչափ և աչառու: Հանրությունը պարբերաբար տեղեկանում է կառավարության բարձրաստիճան անդամների աշխատավարձերի  բարձրացումների, անհասկանալի պարգևավճարների տարափի մասին և այս համապատկերում՝ շարքային մանկավարժների ու բժիշկների, գիտնականների ու թոշակառուների, նպաստառուների վարձատրության համեստ հավելումներն են:

Ունենք իրավիճակ՝ եվրոպական զարգացած երկրներում նվազագույն և առավելագույն աշխատավարձերի միջև տարբերությունը յոթնապատիկն է, իսկ  զարգացող Հայաստանում այն քսանապատիկից բարձր է:

Այսինքն՝ ոտնահարվում է սահմանադրական հիմնարար դրույթը, թե Հայաստանը սոցիալական պետություն է, որտեղ քաղաքացիներն ունեն արժանապատիվ ապրելու իրավունք, իսկ պետությունը հանրային բարիքի արդարացի վերաբաշխման պարտականություն ունի: 

Այսպես, պաշտոնական տվյալներով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը անցած 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 դրամ կամ մոտ 31 000 ԱՄՆ դոլար աշխատավարձ և պարգևավճար: Անկասկած է, որ մյուս նախարարների վաստակը համարժեք է եղել: Հարկատուների ջանքերով ստեղծվող համախառն արդյունքը, բյուջետային գումարները  բաշխվում են անըմբռնելի տրամաբանությամբ և արդարացումներով, թե այսպես պայքարում ենք կոռուպցիայի դեմ, բարձր աշխատավարձեր՝ որպես կաշառք չվերցնելու և լավ աշխատելու երաշխիք: Ընտրված այս ճանապարհը սխալ է և անընդունելի:  

«Ժառանգությունը» համոզված է, որ անհամակարգ բարեփոխումներով, սոսկ բարի ցանկություններով, համընդհանուր կեղծված սահմանադրությունը որպես հիմք ընդունելով, և  հանրաքվեով այդ կեղծիքի հատվածական փոփոխության փորձով չենք հասնելու ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանի կայացմանը: Եթե Հայաստանը մեր օջախն է, ժողովուրդն էլ՝ մեր ընտանիքը, ապա առաջ գնանք  ազատ, արդար, իրավական և համակարգային բարեփոխումների կայացման ճանապարհով, հանրային ու քաղաքական փոխըմբռնման, արդյունավետ կառավարման նշանաբանով»: