Բաբլոյանի և Բաբայանի վերաբերյալ քրգործը ՀՔԾ-ն երրորդ անգամ ուղարկել է դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

իրավական

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունը երրորդ անգամ ուղարկել է Դատախազություն: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՔԾ-ից։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը չէր հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել ՀՔԾ՝ լրացուցիչ քննության՝ նշելով, որ համաձայն չէ արարքի որակման հետ։ Մասնավորապես՝ ըստ դատախազության մեղադրանք պետք է առաջադրվի ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով: