ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանեց 10 միլիոն դրամով

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ  28,  24News           

Վեոլիա
 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանեց 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով՝ մի շարք խախտումների համար:
Հանձնաժողովի կողմից իրականացված՝ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2019 թվականի 3-րդ եռամսյակի տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է վերջինիս կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով սահմանված՝ մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին դիմող անձի համակարգի միացման համար սահմանված ժամկետների գերազանցման դեպքեր։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքում փաստվել է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2019 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում մի շարք դեպքերում խախտել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձանց միակողմանի կնքված միացման պայմանագիր կամ տեխնիկական պայմաններ չներկայացնելով կամ ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ։
Ուստի Հանձնաժողովը կանոնների 16-րդ կետը խախտելու համար ընկերությանը ենթարկեց տուգանքի` 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով։