Որդեգրումների գործով Լիանա Կարապետյանն ազատ արձակվեց 6 միլիոն դրամ գրավի դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

լիանա.

Որդեգրումների գործով անցնող «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է,  նրա նկատմամբ կիրառվել է գրավ՝ 6 միլիոն դրամի չափով։ Այդ մասին գրում է «Հրապարակը»։

Ըստ աղբյուրի՝ տեղեկությունը հաստատել է Լիանա Կարապետյանի պաշտպաններից Ալեքսան Խաչատրյանը՝ նշելով, որ կալանավորման հետ կապված իրենք բողոք ունեն նաև վճռաբեկ դատարանում։

«Իրավունք ունենք ցանկացած պահի միջնորդություն ներկայացնել, այսօր քննարկվեց այդ միջնորդությունը եւ որոշվեց 6 միլիոն դրամ գրավ կիրառել։ Այս որոշումը տվյալ իրավիճակում դրական որոշում է, անձի ազատության սահմանափակման հարց կա։ Սակայն մեր համար ցանկալի իրավիճակ չէ, քանի որ հիմնավոր կասկած չկա»,-ասել է նա։

Նա նաև նշել է, որ որոշումը դատարանից դեռ չեն ստացել, ստանալուց հետո Կարապետյանի հարազատները կմուծեն գրավը։

Նշնենք, որ «Մանկան տուն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի փաստով հարուցված քրգործի շրջանակում։ Նրանից բացի՝ մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի։

Ավելի վաղ 2019-ի նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի փաստով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրգործը: