Նախկին վարչապետները պատրաստ են գալ դատարան՝ երաշխավորություն տալու. Լևոն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը կարծում է, որ նախկին վարչապետները չեն խուսափի ներկայանալ դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնելու համար: Այս մասին նա հայտարարել է  լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ենթադրում եմ, որ խնդիրներ չպետք է լինեն ու իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նրանց այդ քայլին գնալու համար: Գիտեմ՝ նրանք էլ պատկերացնում են, թե ինչ հարձակումների են ենթարկվելու իշխանամերձ շրջանակների կողմից», - ասաց նա:

Ավելի վաղ հայտնի էր, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանն, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։