Սպանված հայի ընտանիքը պահանջում է պատասխանատվության ենթարկել որդուն սպանած ադրբեջանցուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

արցախիհայ

2013 թվականին Մոսկվայում սպանված Լևոն Գրիգորյանի ընտանիքը բաց նամակով դիմել է ՌԴ ԱԳՆ-ին և Գլխավոր դատախազությանը: Նամակի մեջ ընտանիքը պահանջել է հետաքննել և քրեական պատասխանատվության ենթարկել արցախցի հայ երիտասարդին սպանած Ս.Մ. Ջաֆարովին, որը փախել է Ադրբեջան։ Այս մասին տեղեկացնում է «Ինֆոտեկա24»-ը։

«Մեր Լյովկան 23 տարեկան էր, երբ 2013 թվականի փետրվարի 23-ին ադրբեջանցին լկտիաբար մեջքից դանակով երկու մահացու հարված հասցրեց՝ առաջին հարվածը հասցնելով թոքերին, երկրորդը՝ սրտին… կանգնեցնելով Լյովկայի կյանքը Մոսկվայում Ռուդնևկա փողոցի թիվ 19 տան մոտ»,- ասվում է նամակում:

Լևոն Գրիգորյանը (Լյովկա) պաշտպանել է երկու աղջիկների, որոնց նույնիսկ 18 տարեկանը չէր լրացել: «Չիկագո» ակումբում ադրբեջանցի 3 հարբած անձինք բացահայտորեն և լկտիաբար ոտնձգություններ են կատարել աղջիկների նկատմամբ՝ չնայած ծանոթանալու մերժումներին: Գրիգորյանը նրանց նկատողություն է արել, որից հետո ծեծկռտուք է սկսվել:

սպանվածհայ

Ծեծկռտուքի ժամանակ ադրբեջանցիներից մեկը՝ Ս.Մ. Ջաֆարովը մոտեցել է Լ.Ա. Գրիգորյանին, դանակով մեջքից երկու մահացու հարված հասցրել Գրիգորյանին, և երբ տղան մահացել է, ադրբեջանցիները լքել են ակումբը:

ՌԴ Քննչական կոմիտեն մեկ տարի շարունակ հետախուզում չի հայտարարել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ՝ վերջինիս հնարավորություն տալով թաքնվել իր հայրենիքում: Հանցագործությունից 7 տարի անց մարդասպանն այդպես էլ չի պատժվել:    

Արցախահային սպանած ադրբեջանի քաղաքացին այդպես էլ չի հայտնաբերվել

Ադրբեջանի իշխանությունները՝ ադրբեջանցու կողմից Արցախի բնակչի սպանության փաստով քրեական գործ ստանալով՝ չնայած ՌԴ Գլխավոր դատախազության բազմաթիվ հարցումներին և պահանջներին, դադարեցրել են քրեական հետապնդումը Ս.Մ. Ջաֆարովի նկատմամբ: Ավելին, դադարեցնելով քրեական գործը՝ Ադրբեջանը մինչ այժմ գործը չի փոխանցել Ռուսաստանին:

Սպանվածի ընտանիքը դիմել է նաև ՀՀ ԱԳՆ-ին և Գլխավոր դատախազությանը, սակայն հայկական կառույցներն ի վիճակի չեն եղել օգնել:

Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի ղեկավարի տեղակալ Ի.Ա. Յարովայան անձամբ դիմել է ՌԴ ՔԿ ղեկավարին՝ պահանջելով վերահսկել հետաքննության ընթացքը, սակայն որևէ արդյունքի չի հասել: 

Բաքվի համար սովորական պրակտիկա է դարձել հանցագործին թաքցնելը և ապաստան տրամադրելը: Բավական է հիշել Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու Սաֆարովի հերոսացումը:  

Լևոն Գրիգորյանի սպանության դեպքում Ջաֆարովը, հավանաբար, էլ ավելի մեծ պատիվ ունի, քանի որ պարզապես ոչ թե հայի է սպանել, այլ Արցախի բնակչի: Եվ Ադրբեջանի քաղաքականությունը, որի համար «մարդու իրավունքները» ոչ այլ ինչ են, քան բառակույտ, զարմանալի չէ՝ ի տարբերություն ռուս իրավապահների գործողությունների, որոնք իրենց անգործությամբ մարդասպանին թույլ են տվել լքել ՌԴ տարածքը: Այդ համատեքստում համապատասխան կառույցները պետք է շտկեն իրավապահների սխալն ու վերականգնեն միութենական հանրապետության քաղաքացիների նկատմամբ արդարությունը: